2004 թվականի իմ «Օթյակ» հեռուստաշարքի հաղորդումներից մեկը նվիրված էր տաղանդավոր կինոռեժիսոր ԲԱԳՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ:
Կինոռեժիսորը ծնվել է Բաքվում, բայց այնտեղ երկար չի ապրել: Բագրատի ծնողները պարսկահպատակներ էին, և Հովհաննիսյանների ընտանիքը արտաքսվում է Իրան: Ապրել են Թավրիզում, ապա տեղափոխվել Թեհրան: Ի դեպ, ռեժիսորի մասին նյութ է զետեղված «Իրանի նշանավոր հայերը» հանրագիտարանում:
Կյանքը դժվար էր: Չնայած Բագրատը տան միակ զավակն էր, աշխատել սկսեց վաղ հասակից. և կոշկակար էր, և էլեկտրիկ... Աշխատասեր և համառ պատանի էր: Հետագայում Հովհաննիսյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան: Ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ Բագրատը մեկնում է Մոսկվա և ընդունվում Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրա:
Հաղորդմանը մասնակցում էր ռեժիսորի այրին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասանուհի Անահիտ Ղուկասյանը: Ահա թե ինչ պատմեց նա.
-Բագրատը բախտացույցով առյուծ էր: Առյուծները ազնվաբարո են, իշխող, ծնված են ղեկավարելու: Միևնույն ժամանակ արտաքնապես գրավիչ են, հմայիչ: Իսկ ծնվել էր նա օձի՝ իմաստության տարում:
Ասպիրանտուրայում նրա գիտական թեզի թեման Գրեմ Գրինի ստեղծագործությունն էր: Այդ ժամանակահատվածում Գրինը ինչ-որ բանով չէր գոհացրել խորհրդային ղեկավարներին, և Բագրատին առաջարկեցին թեման փոխել: Իսկ աշխատանքն արդեն պատրաստ էր: Բագրատը կտրականապես հրաժարվեց թեման փոխելուց: Եվ դժվար է պատկերացնել, թե ինչպես կդասավորվեր նրա հետագա կյանքը, եթե չհանդիպեր Անդրեյ Տարկովսկուն: Նրանք դարձան մտերիմ ընկերներ: Տարկովսկին նրան հրավիրեց աշխատելու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմում որպես ասիստենտ: Բագրատը նույնիսկ նկարվեց փոքրիկ դրվագում: Կարելի է ասել, որ կինեմատոգրաֆիական կրթությունը նա ստացավ Տարկովսկու մոտ, որը Բագրատին համարում էր իր միակ աշակերտը: Հետագայում Տարկովսկին դարձավ Բագրատի առաջին լիամետրաժ խաղարկային կինոնկարի` «Հնձանի» գեղարվեստական ղեկավարը:
Տարբեր բնավորության տեր անհատներ էին, արվեստագետներ, սակայն նրանց ընկերությունը զարմանալիորեն ամուր էր: Երբ Բագրատը վերադարձավ Երևան, սկսվեց նամակագրություն երկու տաղանդավոր արվեստագետների միջև: Այդ խելացի, անկեղծ նամակներում նրանք փոխանակում էին գաղափարներ, ստեղծագործական մտահղացումներ: Այդ նամակները ես հանձնել եմ Հայաստանի պետական արխիվին: «Հնձանի» սցենարի վրա նրանք աշխատում էին միասին, միասին էին ընտրում «նատուրան» նկարահանումների համար:
Բագրատը տաղավարային նկարահանումներ չէր սիրում, համարում էր, որ այդ նկարահանումները կինո են բերում թատերայնության տարրեր: Իր բոլոր ֆիլմերը նկարահանում էր բնապայմաններում, որոնք շատ նուրբ էր զգում: Բագրատի առաջին ֆիլմը «Աղքատի պատիվը» կարճամետրաժն էր: Այն թումանյանական ալմանախի ֆիլմերից մեկն էր: Այդ ժամանակահատվածի մասին ես դժվարանում եմ խոսել, որովհետև Բագրատի հետ դեռ ծանոթ չէի: Եվ ահա նա անսպասելի հրավիրեց ինձ «Աշնան արև» (ըստ Հրանտ Մաթևոսյանի) ֆիլմի փորձերին: Աղունի կերպարը ինձ շատ հետաքրքրեց, դա իմ առաջին ծանոթությունն էր գրողի ստեղծագործության հետ: Աղունի դերի թեկնածուները շատ էին: Եվ եթե հաստատեին ինձ, դա կլիներ իմ առաջին կինոդերը: Բագրատն ինձ ընտրեց: Շատ էի վախենում. առաջին դերը կինոյում, այն էլ անծանոթ ու շատ խիստ ռեժիսորի մոտ: Երբ դիտեցի նկարահանված նյութը, շատ զարմացա. «Մի՞թե այդ ես եմ, մի՞թե կարող էի այդպես խաղալ»: Բագրատի հետ դժվար էր և միաժամանակ հեշտ. նա դերասանից ստանում էր այն, ինչ ուզում էր: Իսկ ամենակարևորը՝ նա օգնում էր դերասանին՝ հավատալու սեփական ուժերին և հնարավորություններին: Նկարահանման հրապարակում Բագրատը դաժան էր, խիստ էր բոլորի նկատմամբ, բայց դերասաններին շատ էր սիրում: Իսկ նրա ֆիլմերում նկարահանվում էին և վարպետները (Գուրգեն և Կարեն Ջանիբեկյանները, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Գալյա Նովենցը...), և երիտասարդները, որոնք իրենց առաջին քայլերն էին անում կինոյում: «Աշնան արևը» երկար ժամանակ չէր ցուցադրվում, ինչպես ասում են՝ դարակում էր, համարվում էր հակասովետական: Ֆիլմում բացակայում էր կոլտնտեսային երջանիկ կյանքը, չկային հերոս կոլտնտեսականներ, նույնիսկ տրակտոր չկար... Իսկ հերոսուհին էլ՝ դժբախտ կին: Թույլ տվեցին ընդամենը 8 պատճեն հանել ակումբներում ցուցադրելու համար, առանց կրկնօրինակման իրավունքի և նույնիսկ առանց ենթագրի (սուբտիտր): «Պերեստրոյկայից» հետո ֆիլմն էկրան բարձրացավ, արժանացավ թե քննադատների, թե հանդիսատեսի բարձր գնահատականին: Բագրատը երջանիկ էր:
«Աշնան արևը» Բագրատի ամենանշանավոր և սիրելի ֆիլմն էր: Այդ ֆիլմից հետո հայկական կինո մտավ ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի գեղագիտությունը: Իհարկե, Բագրատի համար դժվար էր աշխատել Հրանտ Մաթևոսյանի հետ: Բախումները հաճախ էին, բայց այդ ստեղծագործական վեճերը բերեցին գեղեցիկ արդյունք: Երկու արվեստագետներն էլ հասկացան, որ չեն կարող առանց մեկը մյուսի:
«Աշնան արևը» նկարահանվում էր լճացման տարիներին: Իսկական, ազնիվ արվեստագետի համար հեշտ չէր, դժվար էր: Այդպիսի արվեստագետներից էր և Բագրատ Հովհաննիսյանը: Նա երբեք չընկալեց, չընդունեց չինովնիկներին, որոնց համարում էր իր հնարավոր հակառակորդները: Հենց նրանք թույլ չտվեցին ստեղծել «Երկիր Նաիրի» (ըստ Ե. Չարենցի), «Սինյոր Մարտիրոս» (ըստ Ա. Այվազյանի), «Այլ կյանք» (ըստ Յուրի Տրիֆոնովի) ֆիլմերը: Այդ ֆիլմերը որոշակիորեն նույն երևույթը կդառնային, ինչպիսիք էին «Աշնան արևը» և «Հնձանը»:
-Ցավալի է, որ ստեղծագործական կապը Յուրի Տրիֆոնովի հետ չկայացավ, նրանք լավ բարեկամներ էին: Բագրատը չէր ներում իրեն, որ մերժեց Բոնդարչուկին, որը հրավիրում էր նրան ֆիլմ նկարահանելու Մոսկվայում: Հրաժարվեց, որովհետև չէր ցանկանում կտրվել հարազատ հողից: Մոսկվայում Բագրատին ջերմ էին վերաբերվում, հաշվի էին առնում նրա կարծիքը, բարձր էին գնահատում: Մի անգամ «հՏՉպՑրՍՌռ ֆՍՐՈվ» ամսագրից տեղեկացանք, որ «Աշնան արևը» տեղ էր զբաղեցրել տարվա 10 լավագույն սովետական ֆիլմերի ցուցակում: Այստեղ այդ մասին ոչ ոք չգիտեր: Իսկ «Հնձանը» արժանացել էր միջազգային կինոփառատոնի մրցանակի:
Բագրատ Հովհաննիսյանը ոչ մի սխալ, ոչ մի վրիպում չէր ներում, արվեստում փոխզիջման երբեք չէր գնում: Առաջին հերթին խիստ էր իր նկատմամբ: Եթե ինչ-որ բան արդեն «հավաքած» ֆիլմում նրան դուր չէր գալիս, առանց տատանվելու սկսում էր վերամոնտաժը: Իրեն չէր խնայում: Նա անցել էր Տարկովսկու դպրոցը և շատ անհանդուրժող էր այն թափթփվածության հանդեպ, որ հաճախ էր պատահում «Հայֆիլմում»:
-Բագրատի հետ շփվելը հեշտ չէր: Նա շուտ էր բռնկվում, շատ շուտ էլ հանգստանում էր, տրամադրությունը հաճախ էր փոխվում: Շատ պահանջկոտ ու հավատարիմ էր ընկերության հանդեպ: Նրանց, ովքեր մի երկու անգամ հանդիպում էին, բաժակ բարձրացնում ու ընկերներ էին համարում միմյանց, նա չէր ընդունում: Նրա չափանիշներն այլ էին:
Չէր սիրում մերժել մարդկանց, սակայն ազնվությունն ու շիտակությունը թույլ չէին տալիս ստել: ՈՒ երբ պետք է որևէ մեկին մերժեր, շատ ծանր էր տանում, մեծ ապրումներ էր ունենում:
Ընտանեկան հարաբերություններում կոնսերվատիվ էր, բառացիորեն էր ընկալում «Իմ տունն իմ ամրոցն է» արտահայտությունը: Շատ խանդոտ էր: Շատ էր սիրում դստերը՝ Նունեին, որը շարունակում է հոր գործը՝ ռեժիսոր է բանասիրական կրթությամբ:
«Աշնան արևից» հետո Բագրատ Հովհաննիսյանը նկարահանեց «Տերը» (կրկին ըստ Հրանտ Մաթևոսյանի) և «Ադամամութ» (ըստ Վահագն Գրիգորյանի): Հաջողված ֆիլմեր էին, ստացել էին բարձր գնահատական, բայց ռեժիսորը «Աշնան արևն» էր համարում իր գլխավոր ֆիլմը:
-Ցավոք, Բագրատը քիչ ֆիլմեր ստեղծեց, վեց տարին մեկ՝ մեկական ֆիլմ: Ես կատակում էի. «Ծննդաբերում ես փղի նման»: Դա գալիս էր նրա բնավորությունից. շատ պահանջկոտ էր, ատում էր փնթիությունը: Լինելով արտակարգ մաքուր մարդ, նա միշտ տառապում էր իր չափից ավելի նրբանկատությունից: Այդ պատճառով էլ չդիմացավ...
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ